Կամուրջ

Կաֆկա

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Վերլուծություն
Ստեղծագործության մեջ հեղինակն կամրջին տալիս է մարդկային հատկանիշներ։ Նա փորձել է կամրջին համեմատել մարդու հետ։ Մարդու կամքի ուժը կամրջի մեջ երևում է ամրությամբ։ Մարդն անվստահությունից և թուլությունից իր ամբողջ հույսն ու ուժը դնում է կամրջի վրա։ Իսկ օգնության կարիք ունեցողներին մարդիկ պետք է օգնեն ամուր հիմք դնելու համար։