Մոնե Կլոդ Օսկար

Ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեն իմպրեսիոնիզմի հիմնադիրներից է. 

մշակել է գեղանկարչության այդ ուղղության սկզբունքները և տեխնիկան: 

Կլոդ Մոնեն 1858–59 թթ-ին Հավրում աշակերտել է ֆրանսիացի նկարիչ Էժեն Բուդենին, 1859–60 թթ-ին սովորել է Փարիզի «Սյուիս» ակադեմիայում: 

Իմպրեսիոնիզմի յուրահատկությունները լիարժեքորեն արտահայտվել են նրա արվեստում, որի ցայտուն օրինակներից է «Տպավորություն. Արևածագ» (1872 թ.) բնանկարը: Նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները հիմնականում բնանկարներ ու դիմանկարներ են՝ «Նախաճաշ բնության գրկում» (1866 թ.), «Կամիլլա» (1866 թ.), «Կինն այգում» (1866–67 թթ.), որտեղ շեշտված են լույսի և օդի փոփոխությունը, բնության գունային հարստությունը: 

1860-ական թվականների վերջից Մոնեն ստեղծագործել է հիմնականում բնանկարի ժանրում, որտեղ մարդը բնապատկերի ներդաշնակ և անբաժան տարրերից է: Բնանկարի մոտիվը Մոնեն վերածել է հավերժ կենդանի բնության մի մասնիկի՝ ներքին թրթիռով ու շարժումով լի: Նրա կտավների սյուժեները պարզ են և գրավիչ. «մշտապես շարժվող» մարդկանցով լեցուն պուրակներ ու հրապարակներ («Կապուցիների բուլվարը», 1873 թ., «Բել-Իլի ժայռերը», 1886 թ., և այլն):

Բնանկարների շարքում նկարիչն արտահայտել է բնության և մթնոլորտի փոխակերպումներն օրվա տարբեր պահերի ու եղանակների («Կակաչների դաշտը», 1880 թ., «Լողացող սառույց», 1880 թ., «Խոտի դեզը», 1890–91 թթ., «Ռուանի տաճարը», 1893–95 թթ., «Վենետիկի մեծ ջրանցքը», 1908 թ.): Մոնեն ուշ շրջանի գործերում զարգացրել է պայմանական դեկորատիվությունը, ընդգծել էսքիզայինը («Մառախլապատ Լոնդոնը», 1903 թ., «Ջրաշուշաններ», 1914–22 թթ., շարք, և այլն): Մոնեի արվեստը մեծ ազդեցություն է ունեցել հատկապես բնանկարի ժանրում ստեղծագործող իմպրեսիոնիստ նկարիչների վրա:

Leave a comment